Ամպերի ստվերներն ընկել էին Վայոց ձորի Ռինդ գյուղի լեռների լանջերին: Մի պահ թվում էր, թե երկնքում ինչ-որ մեկը լվացք է փռել: Ձորաբերանին կանգնած` 2012թ. ամերիկյան «Բլումբերգ բիզնեսուիկլի» (Bloomberg Businessweekly) պարբերականում աշխարհի լավագույն գինիների տասնյակում ներկայացված հայկական գինու հիմնադիր Զորիկ Ղարիբյանը տիկնոջ` Երազ Թովմասյանի հետ մատնացույց են անում խաղողի այգին:

Աշխարհի լավագույն գինիների տասնյակում հայտնվելու մասին Զ. Ղարիբյանը իմացել է պատահաբար` հոդվածի հրապարակումից հետո: «Մյուս 9 գինիները մի քանի սերունդ է` շուկայում են»,- ավելացնում է նա՝ որպես օրինակ նշելով «Domaine de la Romanee-Conti Romanee Conti» գինին, որն արժե 14.000-18.000 դոլար կամ 1963թ. արտադրվող «Quinta do Noval Nacional port»-ը` 4,500-6,500 դոլար, իսկ «Զորահ կարասի արենի նոյրը»՝ 45 դոլար:2012թ. նշյալ պարբերականի սյունակագիր էլին Մըքքոյը (Elin McCoy) աշխարհի 10 լավագույն գինիները առանձնացրել է 4000 տեսակի գինիների նմուշարկումից: Ամերիկացի լրագրողն իր հոդվածում հիմնավորել է կատարած ընտրությունը: Նա նշել է, որ հայկական գինի առաջին անգամ համտեսել է Թուրքիայում` Իզմիրում, որը նկարագրել է որպես ծխագույն և մետաքսանման վայելչություն ունեցող գինի: Դա համարել էր սենսացիա գինու պատմության մեջ: Այնուհետ անդրադարձել է հայկական գինու ստեղծման վայրին, որը, ըստ հոդվածի, մոտ է Արենի 1 քարանձավին: Է. Մըքքոյը նաև գրել է, որ հնէաբանների կողմից հայտնաբերված այդ վայրում է գտնվում աշխարհի ամենահին գինու գործարանը, որը մոտ 6100 տարվա պատմություն ունի: